Ֆինանսական համակարգի բարեփոխման նպատակը հանրային բարիքի արդար բաշխումն է. Մհեր Գրիգորյան

Armenpress 12:42, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության տեսլականն է ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում  միջազգային կազմակերպությունների հետ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Ռազմավարության տեսլականն է ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը: Մենք նախատեսում ենք ռազմավարությամբ ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն: Սկզբունքները, որոնք երկար քննարկված են, մի կողմից շատ պարզ են, միևնույն ժամանակ, կարծում եմ, դրանք վերահաստատման կարիք ունեն ռազմավարությամբ»,-ասաց Գրիգորյանը:

Նա վստահեցրեց՝ նախանշված տեսլականի իրագործման գործում կառավարությունը որդեգրել է ավելի նախաձեռնողական, թափանցիկ գործելակերպ:  Նա կառավարության կողմից նախաձեռնված այդ համաժողովը համարեց պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումների թափանցիկության և ներառականության ապահովման կարևոր բաղադրիչ: Աշխատանքային հանդիպումը նպատակ ունի գործընկերներին ներկայացնել բարեփոխումների օրակարգը՝ ի ցույց դնելով փոփոխությունների իրականացման քաղաքական կամքը և որոշակիացնել դոնոր հանրության հետ համագործակցությունը և բարձրացնել դրա արդյունավետությունը: «ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է դոնոր հանրության ներգրավվածությունը՝ ռազմավարության իրականացման գործում և արձանագրում է, որ այդ կառուցողական համագործակցության շնորհիվ է նաև հնարավոր դարձել վերջին շրջանում պետական ֆինանսների կառավարման բնագավառում առանցքային փոփոխություններ իրականացնելը»,-ասաց Գրիգորյանն ու նշեց՝  իրենց դիտարկմամբ, նշված համագործակցությունն ունի ընդլայնման ներուժ, որի իրացումը հնարավոր է համատեղ ջանքերի համախմբմամբ:

ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ին թիվ 1716 որոշմամբ հաստատվել է Պետական ֆինանսների կառավարման (այսուհետև՝ ՊՖԿ) համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը (այսուհետև՝ Ռազմավարություն) և ՊՖԿ համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը (այսուհետև՝ Գործողությունների ծրագիր): Ռազմավարությունը և Գործողությունների ծրագիրը մշակվել և քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, ներկայացվել են նաև դոնոր կազմակերպություններին, ստացվել են արժեքավոր արձագանքներ, որոնք հիմք են հանդիսացել փաստաթղթերի լրամշակման և վերջնականացման համար։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am