Հետահայաց. Բաքվի 1918թ. հայկական ջարդերը համաշխարհային մամուլի էջերում

Armenpress 12:25, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1918 Բաքվում տեղի թաթարների և թուրք-ադրբեջանական զորքերի կողմից ծրագրվեց և իրականացվեց հայկական բնակչության ջարդերի երկրորդ խոշոր ալիքը, որին զոհ գնաց ավելի քան 23 հազար հայ: Նշվածը կազմում էր հայկական համայնքի շուրջ 25 տոկոսը: Բաքվի հայերի ջարդերին, դրանց կազմակերպվածությանը և իրագործմանը լայնորեն անդրադարձել է նաև ժամանակի միջազգային մամուլը: Մասնավորապես ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականների էջերում հրապարակված տեղեկատվության՝ հայերի շրջանում զոհերի թիվը հասել է մինչև 30 հազարի:

Բաքվում հայերի կոտորածների մասին արժեքավոր տեղեկություններ են պահպանվում մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի արխիվում, որտեղ կարելի է գտնել 1918-1920 թթ․ հրապարակված թերթեր և պարբերականներ՝ հայերի ջարդերի վերաբերյալ ծավալուն անդրադարձներով։ Ջարդերի թեման լուսաբանել են ամերիկյան The Seattle star, El Paso Herald, Alexandria, բրիտանական՝ The Sun և այլ միջազգային հեղինակավոր պարբերականներ:

1905 թ.-ից հետո Բաքվի հայկական համայնքի ջարդերի երկրորդ խոշոր ալիքը ծավալվել էր 1918 թ. սեպտեմբերին 15-ին թուրքական զորքերի կողմից քաղաքը գրավելուց հետո՝ շարունակվելով մինչև նոյեմբեր:

1918 թ. հոկտեմբերի 26-ի համարում ամերիկյան El Paso Herald պարբերականը ներկայացրել է հոկտեմբերի 22-ին Թեհրանից ԱՄՆ պետքարտուղարությանն ուղարկված զեկույցից որոշ մանրամասներ. հոդվածում նշվում է, որ դեռևս թուրքական զորքերի Բաքու ներխուժումից շուրջ 36 ժամ առաջ, երբ բրիտանացիներն արդեն լքել էին քաղաքը, «թաթարներն առանց խտրականության թալանում և սպանում էին, և հաղորդվել է, որ հազարավոր հայեր են կոտորվել» [l Paso herald. (El Paso, Tex.), 26 Oct. 1918, page 2]:

            El Paso herald., October 26, 1918, HOME EDITION, Page 2

Դեկտեմբերի 7-ին լույս տեսած համարում նույն El Paso Herald պարբերականը փոխանցում է գերմանական «Ֆորվերթս» (Vorwärts) պարբերականի տրամադրած տեղեկությունը, ըստ որի, թուրքական զորքերն իրենց հարձակման ընթացքում Բաքվում, Արդահանում և Օլթիում 10 հազար հայ էին սպանել: Նույն հոդվածում նաև նշվում է, որ «Բաքվում ընթացած մարտերում [կռիվներում] ավելի քան 30 հազար մարդ է սպանվել».

            «Որոշ ավաններում ողջ հայկական բնակչությունը ոչնչացվել է: Թուրքերը թաթարական խմբերին թույլ են տվել թալանել [կեղեքել] հայերին», – նշված է  ամերիկյան պարբերականի հոդվածում:

Գերմանական թերթի հոդվածը դեկտեմբերի 8-ի համարում տեղադրել են նաև բրիտանական հայտնի The Sun պարբերականը, ամերիկյան Հավայան կղզիներում հրապարակվող The Maui News-ը, իսկ դեկտեմբերի 9-ի համարում՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Alexandria թերթը:

The Sun. [volume], December 08, 1918, Page 4

ԱՄՆ Ինդիանա նահանգի The Richmond Palladium And Aun-Telegram պարբերականը  1919 թ. հունվարի 28-ի համարում հրապարակել է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալության՝ «Թուրքական զորքերը միացել են թաթարներին հայերի վրա հարձակումներում» վերնագրով հոդվածը: Հոդվածում մասնավորապես նշվում է.

«Հայերի շրջանում սաստիկ անհանգստություն է զգացվում այն տեղեկությունների պատճառով, որ թուրքական մեծաքանակ զորքեր են միացել թաթարական ավազակախմբերին և հարձակվում են հայկական գյուղերի վրա։ Մտավախություն կա, որ ջարդերի մեկ այլ ալիք կարող է սկսվել թուրքերի կողմից, մինչև դաշնակիցները կկարողանան ազատագրել պաշարված հայկական ավանները...

«Հայկական բյուրոյին» (հասարակական կազմակերպություն, որը ստեղծվել է Լոնդոնում՝ Րաֆֆի եղբայրների նախաձեռնությամբ՝ խմբ.) տրված ոչ պաշտոնական տեղեկությունները ցույց են տալիս, որ մոտավորապես 20 հազար մարդ, ներառյալ զգալի թվով հայ զինծառայողներ, սպանվել են Բաքվում և հարակից շրջաններում»:

Անդրադառնալով Բաքվի պաշտպանությանը՝ «Ասոշիեյթիդ Պրեսը» նշում է.

«Ըստ «Հայկական բյուրոյի» քարտուղար Արամ Րաֆֆիի՝ «Ասոշիեյթիդ Պրեսի»-ին փոխանցած տեղեկության՝ հայերը ութ ամիս շարունակ միայնակ պահում էին Բաքուն՝  մինչ բրիտանական օգնական ուժերի հասնելը: Երբ ժամանեցին գեներալ Դանսթերվիլի գլխավորած օգնական ուժերը, որոնք բաղկացած էին ընդամենը 300 մարդուց,  իրավիճակը դարձել էր այնքան անհույս, որ բրիտանացի հրամանատարը հայերին խորհուրդ տվեց հանձնվել:

Ա. Րաֆֆին նշում է. «Հավանաբար, խորհուրդը չընդունվեց, քանի որ քաղաքը հարձակմամբ էր վերցվել, իսկ սեպտեմբերի 16-ին քաղաքը լքած բրիտանացիները փաստում էին, որ իրենց հեռանալուց 2 օր հետո հայերի առնվազն մի մասը դիմակայում էր՝ մինչև թուրքերի, թաթարների և գերմանացիների միացյալ ուժերի կողմից ճնշվելը։ Քաղաքում մնացածների մի մասը դիմեց փախուստի, իսկ զորքերի մի մասին հաջողվեց անվնաս հեռանալ Էնզելի պարսկական նավահանգիստ: Բոլոր մնացածները կոտորվել են»։

«Ասոշիեյթիդ Պրեսի»-ի հոդվածը հրապարակվել են նաև ԱՄՆ Օրեգոն նահանգում հրատարակվող Grants Pass Daily Courier-ի հունվարի 28-ի  և Կոնեկտիկուտ նահանգում հրատարակվող The Bridgeport Times And Evening Farmer-ի  հունվարի 29-ի համարներում։

The Richmond palladium and sun-telegram. [volume], January 28, 1919

Բաքվի հայերի ծանր կացության մասին գրում է նաև ԱՄՆ Նևադայում հրատարակվող Carson City Daily Appeal օրաթերթը՝ 1919 թ. հունիսի 26-ի համարում, որում տեղ է գտել «Յունայթեդ Պրես» միջազգային հեղինակավոր գործակալության «Հայերը սոված են. ասում է Կարմիր խաչի աշխատողը» վերտառությամբ հոդվածը։ Այստեղ զետեղված են Անդրկովկաս ժամանած Կարմիր խաչի ամերիկացի աշխատող՝ լեյտենանտ Մելվիլ Չաթերի արձանագրությունները: Նա մասնավորապես նկարագրել է Հայաստանի ծանր տնտեսական կացությունը և սովը, իսկ Բաքվի դեպքերի առնչությամբ նշել, որ քաղաքում  մինչև դեկտեմբեր թուրքերի իրականացրած կոտորածներին զոհ է դարձել շուրջ 30 հազար հայ: Մ. Չաթերը նշել է, որ մինչ թուրքերի հարձակումը հայերից շատերը փրկվել են՝ դառնալով փախստական: «Յունայթեդ Պրես»-ի հոդվածը հրապարակվել է Սիեթլի (ԱՄՆ) The Seattle star պարբերականի հունիսի 28-ի, ինչպես նաև Արիզոնայի The Daily Morning Oasis-ի հուլիսի 1-ի համարներում:

             Carson City daily appeal. [volume], June 26, 1919

Միջազգային մամուլի հրապարակումները  ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ 1918 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բաքվի հայերը երկրորդ անգամ կազմակերպված և ծրագրված ջարդերի զոհ դարձան և անհերքելի ապացույցն են ներկայումս Ադրբեջան կոչվող պետության կողմից հայերի բնաջնջման հետևողական քաղաքականության։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության անպատժելիությունը հանգեցրեց նաև 1988-1990 թթ. հայերի ջարդերի, որոնց Բաքվում, Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ) և Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերում զոհ գնացին հարյուրավոր հայ բնակիչներ, հարյուր հազարավոր հայեր կորցրեցին իրենց ողջ ունեցվածքը, բնակարանները և դարձան փախստական՝ բռնագաղթելով այն բնակավայրերից, որտեղ դարեր ի վեր բնակվում էին նրանց նախնիները և իրենք: Ադրբեջանի ռասիստական քաղաքականության զոհն են դարձել նաև բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ՝ ռուսներ, վրացիներ, ներկայումս էլ այդ երկրում բնակվող գրեթե բոլոր տեղաբնիկ ժողովուրդները և ազգային փոքրամասնությունները:

Ադրբեջանում պետական մակարդակով  քարոզվող ռասիզմի և քսենոֆոբիայի քաղաքականությունը լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի և քաղաքակիրթ մարդկության համար:

Հայրիկ Սուքիասյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am