ԱԺ-ն քննարկում է գործադիրին և վարչապետին ենթակա մարմինների լիազորություններն ընդլայնելու օրինագիծը

Armenpress 11:38, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է կառավարության և վարչապետին ենթակա մարմիններին իրենց կողմից պատրաստված օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում իրականացնելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հունվարի 20-ի ՀՀ Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Փոփոխության իմաստը հետևյալն է՝ այժմ գործող օրենքի խմբագրությամբ հանրային քննարկում կարող են իրականացնել միայն կառավարության անդամները, և կառավարության ու վարչապետին ենթակա մարմինները ուղղակի տեխնիկապես իրենց կողմից պատրաստված օրենքների փոփոխությունների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումն ու պետական-իրավական փորձաքննության ուղարկելը չեն կարող իրականացնել: Նախագծի ընդունման արդյունքում կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններն իրենք կկարողանան քննարկման դնել իրենց կողմից պատրաստված նախագծերը»,- ասաց Գրիգորյանը:

Օրենքի նախագիծը նոյեմբերի 19-ի Ազգային ժողովի նիստում ընդունվել է 99 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am