Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ մենեջմենթ» դասընթացի մասնակցների հետ

Armenpress 17:00, 18 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Հոսփիթլ Մենեջմենթ» (Hospital Management) ծրագրի մասնակիցներին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ծրագրին մասնակցում են առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, բժիշկները և բժշկական կազմակերպությունների  վարչական անձնակազմը։

Նախարարը վերջիններիս հետ քննարկել է առողջապահության ոլորտի բարեփոխումները և ընդգծել դրանց մեջ կիրթ ու փոփոխությունների պատրաստ կառավարիչների դերի կարևորության մասին:

«Միանշանակ է, որ իմ և առողջապահության նախարարության կողմից նման նախաձեռնությունները ողջունելի են, հատկապես, որ ոլորտում ինտենսիվ իրականացվող բարեփոխումները նոր հմտություններ են պահանջում: Մենք գիտենք, որ հիվանդանոց, պոլիկլինիկա, առողջության կենտրոն կամ որևէ այլ բժշկական կենտրոն ղեկավարելը միայն կլինիկական գիտելիքներով չի որոշվում», - ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ներկայացրել է նոր ստեղծվող առողջապահության կառավարման մագիստրատուրայի ծրագիրը, ինչպես նաև «Հոսփիթլ մենեջմենթ» դասընթացի ժամանակ ուսուցանվող ծրագրերը և մասնակիցների համար նոր հմտությունների ու ունակությունների ձեռքբերումները: Վերջինս հույս է հայտնել, որ այս ծրագիրը կնպաստի առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում նաև տեղի է ունեցել հարց ու պատասխան՝ նախարարի և մասնակիցների միջև։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am