Գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

Armenpress 16:04, 18 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացա Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան մասին։ Պետական ծառայության իրեն վստահված բոլոր ոլորտներում Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ, մշտապես իր ստանձնած պարտականությունների հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով առաջնորդվող պաշտոնյա, պետական ծառայող և սպա։ Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից այս ցավալի կորստի առթիվ վշտակցությունս եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ թեև իրականում դժվար է գտնել սփոփանքի խոսքեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։

Արթուր Դավթյանը նշել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունն օրենքով վերապահված իր ողջ գործիքակազմով ապահովելու է տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը, լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննությամբ բոլոր վարկածների մանրակրկիտ ստուգումը և վերջնական իրավական գնահատական տալը։ Միաժամանակ դատախազությունը հետամուտ է լինելու նախաքննության ողջ գործընթացի հնարավորինս թափանցիկության և հանրային իրազեկման ապահովմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am