Քաղաքացիները ոստիկանության բաժիններում ինքնաձիգ, հրացան, ատրճանակ և զինամթերք են կամավոր հանձնել

Armenpress 21:55, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 16-ին բաժին եկած Հրազդանի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5,45 մմ տևամաչափի 31 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ հրազենն իրենն է։ Այն պահել էր գոմի տանիքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 54-ամյա մի բնակիչ հունվարի 16-ին կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ ու 130-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել է տանը կից շինությունը մաքրելիս։

«Հունվարի 16-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ապարանի բաժնում։ Ապարանի մի բնակիչ բաժին է բերել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով դրանք իրենն են, պահել էր գոմին կից շինությունում։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am