Ազատամարտիկ Կարապետ Կարապետյանը համերգով տոնեց ծննդյան 60-ամյակը

Armenpress 20:53, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտի հերոսները գրական-համերգային ծրագրով նշեցին իրենց ընկերոջ՝ ազատամարտիկ, «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր-նախագահ Կարապետ Կարապետյանի (Մորուք Կարո) ծննդյան 60-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն անցկացվեց հունվարի 17-ին Հայաստանի գրողների միությունում:

Ազատամարտիկ, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց, որ Կարապետ Կարապետյանը լուրջ հետք է թողել Արցախյան ազատամարտում: «Մեզանից յուրաքանչյուրը՝ մեկս բահով, մեկս գրչով և համախմբվածության արդյունքում հաղթանակ ենք տարել: Ի սրտե շնորհավորում եմ Կարապետյանին և մաղթում լավագույնը»,-նշեց նա:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանն էլ հիշեցրեց, որ Կարապետ Կարապետյանն Արցախյան պատերազմի ժամանակ  վիրավորվել է և հազիվ փրկվել՝ երկրորդ անգամ ապրելու հնարավորություն ստանալով: «Երբ դեռ նոր էր սկսվում Արցախյան շարժումը, նա կանգնած էր դրա ակունքներում: Կարապետյանի առաջին լուրջ առաքելությունը եղել է Բերդաձորում, Մարտակերտի շրջանում, Հայաստանի հյուսիսային շրջաններում և այլ գոտիներում: Նա զինվորագրվեց հայրենիքին և մնաց մեծատառով մարդ»,-շեշտեց Ավետիսյանը:

Մեզ հետ զրույցում Կարապետ Կարապետյանը խոստովանեց, որ ամենակարևոր բանն իր կյանքում արյան գնով անկախություն ձեռք բերելն էր: «Հավերժ պարտական եմ ազգիս ու ծառայում եմ հայրենիքիս: Հիմա դժվարանում եմ ծառայել, ուստի զորավիգն եմ հայրենիքիս»,-ընդգծեց հոբելյարը:

Երեկոյին երաժշտական կատարումներով հանդես եկան երգիչ Արմեն Դանիելյանը, պարային խմբեր և ասմունքողներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am