1000х90.jpg (78 KB)

Նոր բացահայտումներ փնտրող չինացի զբոսաշրջիկները սկսել են ավելի հաճախ ընտրել Հայաստանը

Armenpress 15:57, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների այցելությունները նկատելի ավելացել են: Վիճակագրության համաձայն , 2018 թվականին 2017-ի համեմատ Չինաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.9 տոկոսով: Աճի դինամիկա առկա է նաև 2019 թվականին: Եթե 2018թ. հունվար-հոկտեմբերին ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել Չինաստանի 8 հազար 430 քաղաքացի, ապա 2019 թվականին` շուրջ 14 հազար 500:  Այդ գործում իր դերակատարումն ունի պետական նպատակաուղղված քաղաքականությունը, մասնավոր հատվածի ակտիվ աշխատանքը:

Սոնա Սահակյանը «Սոտու թրավել» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրենն է, արդեն մի քանի տարի է աշխատում է զբոսաշրջության ոլորտում՝ աշխատելով հենց Չինաստանի ուղղությամբ: Տպավորությունները դրական են, արդյունքները՝ ոգևորող: Մեզ հետ զրույցում Սոնա Սահակյանը նշեց, որ այս ուղղությամբ հսկայական չօգտագործված ներուժ կա, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ակտիվ աշխատել:

Սոնա Սահակյանը Հայաստան է տեղափոխվել 2015 թվականին Ռուսաստանից: Մինչ այդ բնակվում էր Իրկուտսկ քաղաքում: Քանի որ այնտեղ լայն կիրառում ունի չինարենը, հետևաբար նա անմասն չի մնացել ու սովորել է այն:

«Տարիներ առաջ Հայաստան հարազատներիս հյուր էի եկել: Այդ ժամանակ ծանոթացա Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի հետ: Առիթ ընձեռվեց և ես այցելեցի այդ ինստիտուտ, ծանոթացա դասախոսական կազմի հետ, նրանք ինձ խորհուրդ տվեցին դիմել Հայաստանում Չինաստանի դեսպանատուն, որովհետև վերջինս փնտրում էր հյուպատոսի օգնական: Հաջողությունն ինձ ժպտաց, և ես հարցազրույցից հետո անցա աշխատանքի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Սոնա Սահակյանը:

«Դեսպանությունը ինձ համար լավ հնարավորություն էր փորձ ձեռքբերելու առումով: Պատվիրակությունների հետ աշխատանքը ինձ դուր էր գալիս: Կազմակերպչական գործընթացը, նրանց համար ծրագիր կազմելը, դիմավորելը, ուղեկցելը, այդ ամենը ես մեծ հաճույքով էի անում: Որոշեցի հիմնել տուրիստական ընկերություն՝ աշխատելով հենց չինական ուղղության հետ: Մտածեցի՝ ես ունեմ հաղորդակցման հմտություններ, չինարեն լեզվի հետ կապված խնդիրներ չկան, այդ դեպքում ինչու ոչ, կարելի է գործել հենց այս ուղղությամբ: Եվ ահա այժմ ակտիվորեն գործում է իմ տուրիստական ընկերությունը»,-նշեց Սոնա Սահակյանը: Նա հիշում է արդեն որպես տուրիստական ընկերության ներկայացուցիչ Չինաստանից առաջին խմբի հետ աշխատանքը: Դա ֆոտոտուր է եղել: Նրանք պրոֆեսիոնալ լուսանկարիչներ էին: Ինչպես Սոնան է հիշում, Հայաստան այցելելիս ավելի շատ տեխնիկա էին բերել, քան իրենց անձնական իրերը: Վեց օր մնացին Հայաստանում, այցելեցին մի շարք պատմամշակութային վայրեր և տուրիստական ընկերության մասնագետների շնորհիվ բացահայտեցին մեր երկիրը:  

Սոնան նկատեց, որ իրենք հետևողական աշխատանք են կատարում, որ որքան հնարավոր է շատ չինացիներ տեղեկացված լինեն Հայաստանի մասին: Նախ` պարտադիր մասնակցում են Չինաստանում անցկացվող զբոսաշրջային ցուցահանդեսներին, այնուհետև առանձին աշխատում են տուրիստական ընկերությունների հետ: Հայաստան էր եկել նաև «National geographic»-ի ներկայացուցիչը, ում այցելությունից հետո ամսագրում 5 էջ հատկացվել էր Հայաստանին:

«Ինձ համար սա պարզապես բիզնես նախաձեռնություն չէ: Ես այս ամենում տեսնում եմ սեր գործի նկատմամբ, հետաքրքրություն, հայրենասիրություն: Կարծում եմ, որ եթե գործին նայես միայն կոմերցիոն տեսանկյունից, ապա այն վաղ թե ուշ կձախողվի»,-ասաց նա:

Տուրիստական ընկերությանը ոգևորում է այն, որ դեպի Հայաստան Չինաստանից տուրիստների ակտիվություն է նկատվում: Դա անզեն աչքով երևում է Երևանի փողոցներով շրջելիս: Սոնայի խոսքով, Չինաստանից հիմնականում Հայաստան գալիս են ավելի հասուն տարիքի մարդիկ: Չինացիներ, ովքեր շատ-շատ են ճանապարհորդել, եղել են մի քանի տասնյակ երկրում, և հիմա նոր հետաքրքրություններ են փնտրում: Սոնան նկատեց, որ նրանց հիշողություններում դեռ պահպանվում է Խորհրդային Միությունը, և հիմա, ունենալով հնարավորություն, ցանկանում են այցելել նախկին Խորհրդային Միության երկրներ: Չինաստանից զբոսաշրջիկները գալիս են հիմնականում տարածարջանային այցով: Մեկ այցի ընթացքում լինում են Ադրբեջանում, Վրաստանում, Հայաստանում:

«Չինացիները Հայաստանն ընկալում են որպես Նոյի հայրենիք: Նրանք կարող է շատ բան Հայաստանի մասին չիմանան, բայց երբ ասում ես Նոյի հայրենիք, միանգամից ասում են Հայաստան: Չինացի զբոսաշրջիկներին տանում ենք Հայաստանում բոլոր ճանաչված գեղատեսիլ վայրերը: Տուրերում պարտադիր ներառում ենք Էջմիածինը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության վայրերը: Ասեմ, որ նրանք շատ են սիրում լուսանկարվել, աշխատում ենք ամեն ինչ անել, որ հետաքրքիր լինեն զբոսաշրջային տուրերը»,-ասաց Սոնա Սահակյանը:

Սոնան նկատեց, որ չինացիներին դուր է գալիս հայկական խոհանոցը: Քանի որ նրանք տարածաշրջանային այցով են գալիս և մինչև Հայաստանն արդեն հասցրած են լինում շրջել հարևան երկրներով, այնտեղ մսային կերակուրները փորձելուց հետո Երևանում արդեն ցանկանում են այլ բան համտեսել: Շատ են սիրում հայկական լավաշը, ապուրներ, բանջարեղեն, տապակած կանաչի, և, իհարկե, խոզի մսից խորովածը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Սոնա Սահակյանը նշեց, որ նպատակ ունեն հնարավորինս շատ զբոսաշրջիկների ներգրավել Չինաստանից, մանավանդ, որ չօգտագործված մեծ ներուժ կա: Վիզայի ռեժիմը հանելու նախաձեռնությունը Սոնա Սահակյանը շատ կարևոր է համարում, սակայն նշում է, որ ուղիղ չվերթների բացակայությունը դժվարացնում է աշխատանքը:

«Իհարկե, շատ լավ է, որ պետական, մասնավոր հատվածով աշխատում ենք Չինաստանից շատ զբոսաշրջիկներ բերելու ուղղությամբ, սակայն հարց է առաջանում, որքանո՞վ ենք մենք պատրաստ դրան: Կարծում եմ, որ դրան զուգահեռ պետք է մտածել զբոսավարներ պատրաստելու ուղղությամբ: Այսօր զգացվում է չինարեն իմացող զբոսավարների խիստ պակաս: Չինացի զբոսաշրջիկները միայն իրենց լեզվով են խոսում, հետևաբար անհրաժեշտություն կա այստեղ ավելացնել չինարեն իմացող զբոսավարների թիվը, ընդ որում, բարձր մակարդակի իմացություն է պահանջվում»,-ասաց Սոնա Սահակյանը: Նա նկատեց, որ դեպի Հայաստան նկատվում է հոսք այն երիտասարդների, ովքեր սովորել են Չինաստանում և վերադարձել Հայաստան: Փորձելու են իրենց հետ աշխատել այդ բացը լրացնելու համար:

Աննա Գզիրյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» և «Республика Армения» թերթերի՝ հունվարի 17-ի համարների «Չինաստանը հայերի աչքերով» խորագրով հատուկ ներդիրներում՝ հայերեն և ռուսերեն: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am