1000х90.jpg (78 KB)

Բաքվի հայկական ջարդերի երկրորդ ալիքը. նորաստեղծ Ադրբեջան պետությունը և հայերի կոտորածները

Armenpress 11:51, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1918 թ. սեպտեմբերին Բաքվում իրականացվեց հայերի կազմակերպված և պլանավորված երկրորդ խոշոր ջարդը, որին զոհ գնաց ավելի քան 23 հազար հայ, ավերվեցին և այրվեցին հայերին պատկանող նավթամշակման և այլ գործարանները, խանութները, տները: Հայկական համայնքն ունեցավ նյութական խոշոր կորուստներ: 1918թ. սեպտեմբերի 15-ին թուրքական զորքի կողմից Բաքուն գրավելուց հետո սկսված ջարդերը և հալածանքները շարունակվեցին մինչև նոյեմբեր՝ թուրք-թաթարական (ադրբեջանական) զորքերի և տեղի թաթարական զինված խմբերի կողմից:

Բաքվի հայերի ջարդերի մասին անհերքելի ապացույցներ են պահպանվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության քաղաքական արխիվի փաստաթղթերում: Այստեղ ամփոփված են այդ շրջանում Բաքու և հարակից գավառներ գործուղված զինվորականների զեկույցները և արձանագրությունները տիրող իրավիճակի մասին:

Բաքվի հայկական բնակչության կրած մարդկային կորուստների մանրամասն հաշվարկ ջարդերից անմիջապես հետո իրականացրել է Բաքվի Հայոց ազգային խորհրդի անկետային հանձնաժողովը՝ Բախշի Իշխանյանի գլխավորությամբ: Վիճակագրական հարցումների արդյունքները համադրվել են Դաշնակից պետությունների հանձնաժողովի հավաքագրված տվյալների հետ և ամբողջացվել 1920 թ. Բ. Իշխանյանի հրատարակած «Բագու մեծ սարսափները» գրքում:

1918 թ. սեպտեմբերի դրությամբ Բաքվում ապրում էր 100 000-ից [անվանապես հաշվառվել է 88673-ը, մնացածը հիմնականում թուրքական զորքերի արշավանքին զուգահեռ Բաքու գաղթած հայերն էին, Բ. Իշխանյան, Բագուի մեծ սարսափները, Թիֆլիս, 1920] ավել հայ ազգաբնակչություն, այդ թվում, բացի Բաքվի բուն հայկական բնակչությունից, այլ վայրերից թուրքական զորքերի հարձակմանը զուգընթաց գաղթական դարձած հայերը: Սեպտեմբերի 15-ին Բաքուն թուրքական ուժերին հանձնելուց առաջ հաջողվել էր Կասպից ծովով տարհանել հայկական բնակչության ընդամենը ⅓-ին (31543): Բնակչության հիմնական մասը մնաց քաղաքում՝ դառնալով թուրք-թաթարական ջարդերի զոհը:

 

Ըստ Բ. Իշխանյանի ներկայացրած տվյալների՝ 1918թ. սեպտեմբերի դրությամբ Բաքվում անվանապես ցուցակագրվել է 88,673 հայ: Բացի Բաքվի բուն բնակիչներից՝ 1918 թ. սեպտեմբերի 14-ի դրությամբ այդտեղ եղել են նաև թուրքական զորքերի հարձակմանը զուգընթաց Շամախիից, Գյոքչայից և այլ վայրերից գաղթած հայերը, աշխատանքային միգրանտներ, որոնք ընտանիքներ չեն ունեցել Բաքվում: Ընդհանուր առմամբ հայերի թիվը ջարդերից առաջ հաշվվել է 100-110 հազար:

Բաքվի հայերի ջարդերը եղել են նախապես ծրագրված և կազմակերպված ոչ միայն թուրքական զորքերի հրամանատարության, այլև մինչ այդ Ելիզավետպոլում (Գանձակ) գտնվող Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավարության կողմից: Այս առումով ուշագրավ է կոտորածներից առաջ Նուխիի, Շամախու և Բաքվի քաղաքապետերին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բեհբուդ Խան-Ջիվանշիրի տված գաղտնի հրամանը, որտեղ ասված էր. «Անհրաժեշտ է ոչնչացնել հայերին՝ նրանց դիակների վրայով անցնելու և մեր նպատակներին հասնելու համար: Մի՛ խնայեք ոչ ոքի և հավատարմորեն կատարեք ձեզ տրված հրահանգները»:

Չնայած թուրքական բանակի 1-ին զորախմբի հրամանատար Մյուրսել փաշան Բաքվի վրա հարձակվող թուրքական զորքերի հրամանատար Նուրի փաշայի անունից չեզոք երկրների հյուպատոսներին «խաղաղ բնակչության անձնական և գույքի ապահովության երաշխիքներ» էր տվել, այդուհանդերձ, թուրք սպաների ղեկավարությամբ թուրք-թաթար զինված խմբերը 3 օր շարունակ (15–17-ը) կոտորեցին Բաքվում մնացած հայկական բնակչության ավելի քան 30 տոկոսին:

Այս մասին վկայում է չեզոք երկրների հյուպատոսների բողոքները Նուրի փաշային. Բողոքում մասնավորապես նշվում է, որ կատարվածների մեղքը պետք է առաջին հերթին փնտրել նրանում՝

 1) որ կանոնավոր զորքը մեծ ուշացումով Է մտել քաղաք, մասամբ կայացած գրավումից 48 ժամ անց, ուշացումով Է կազմակերպվել նաև պարեկային անհրաժեշտ ծառայությունը

 2) Որ զորքերը, որոնց կարգադրված Էր պաշտպանել բնակչությանը, ըստ երևույթին բավականաչափ հստակ հրահանգներ չէին ստացել բոլոր ազգություններին հավասարաչափ պաշտպանելու մասին, մի բան, որը, ինչպես թերևս հայտնի է նաև Ձերդ գերազանցությանը, հատկապես այս դեպքում ծայրահեղորեն անհրաժեշտ պիտի լիներ:

Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչ Բարոն Ֆրանկենշտայնը իր 05.10.1918 թ. զեկուցագրում գրում է՝

«...Բաքուն գրավումից հետո բոլորովին մեռած տպավորություն էր թողնում, փողոցները՝ դատարկ, խանութները՝ փակ, նավահանգիստն՝ ամայացած, հայերը, եթե սպանված չեն կամ չեն փախել՝ վախից դողացող, թաթարները մասամբ նոր հանդգնությամբ լի, տնտեսական բոլոր շրջանները մտահոգ դեպրեսիայի մեջ, բանվորությունը սովահար, երթևեկությունն ու արդյունաբերությունը՝ կանգնած... Հայկական մեծ թաղամասը, որն այցելեցի, ամբողջությամբ կողոպտված էր և լրիվ դատարկ։ Բազմաթիվ ապացույցներ ստացա գազանային դաժանությունների՝ հիվանդանոցներում հայ բժիշկների, հիվանդների և երեխաների կոտորածի մասին»:

Ուշագրավ է նաև Օսմանյան կայսրության բանակի գլխավոր շտաբի գերմանացի մայոր Մայռի զեկուցագիրը Կովկասում գերմանական  կայսերական պատվիրակության ղեկավար գեներալ ֆոն Կրեսին՝ գրված  20.09.1918 թ., որում մասնավորապես նշում է. «Բազմաթիվ հայեր, այդ թվում՝ նաև կանայք ու երեխաներ, գերազանցապես զինվորական ծառայության համար պիտանի գերիներ, ոչնչացվել են։ Մի քանի հազարի մասին առայժմ չկան ճշգրիտ տվյալներ։ Գերմանացիները, որոնց կարելի է հավատալ, իրարից անկախ նշում՝ էին 10.000 թիվը»։ Հետաքրքրական է, որ նա զոհերի մասին խոսելիս նշում է, որ  սեպտեմբերի 14-ի և 15-ին սպանել են նաև երկու գերմանացի նորաբնակների (սրանք կայսրության Հպատակներ չէին) և մի քանի գերմանացի նորաբնակների կանանց (կայսրության հպատակներ չէին) բռնաբարել:

Մայեռը Ֆոն Կրեսին ուղարկած հաջորդ՝ 21.09.1918 թ.-ի զեկուցագրում նշում է, որ ջարդերի զոհերի թիվը հասնում է  30000-ի: Խոսելով թուրքերի և ադրբեջանցիների ոճրագործությունների մասին, նշում է, որ նրանք քայլեր են ձեռնարկում՝ հերքելու համար քաղաքում կատարվածը: Ըստ նրա՝ տեղի Է ունեցել հայերի ոչնչացում, այսինքն, քաղաքի գրավումից առնվազն 24 ժամ անց զորքին տրվել Է լիակատար ազատություն: Նա ավելացնում է, որ, չնայած քաղաքում իրավիճակը խաղաղվել Է, սակայն, ինչպես երևում Է, գյուղերում, հորատանցքերի շրջակայքում, ահաբեկումը շարունակվում Է շանտաժի և բռնաբարությունների ձևով:

Ջարդերն ուղեկցվում էին կողոպուտներով և թալանով: Կողոպուտների և նյութական վնասների մասին նկարագրությունը տեղ է գտել  Բարոն ֆոն դեր Գոլցի  19.10.1918 թ.-ին  ֆոն Կրեսին գրված հերթական զեկույցում.  «Թեև Բաքվում ընդհանուր առմամբ կարգ ու կանոնը վերականգնված է, սակայն քաղաքը բոլորովին էլ իր սովորական պատկերը չի ներկայացնում։ Ամենուրեք դեռևս նկատվում են կողոպուտի հետքեր։ Լքված են ամբողջ փողոցներ, անգամ լավագույն թաղամասում։ Միայն որոշ խանութներ են բաց։ Հայեր փողոցներում ընդհանրապես չեն երևում։ Չտուժած լավագույն հայկական տներում տեղավորվել են թուրքական ռազմական իշխանությունները։ Նրանք ավարից պերճաշուք ավտոմեքենաների մի ամբողջ գումար են կազմել...»

Լեյտենանտ Վ . Ութերմարկը Բաքու կատարած ուղևորության մասին՝ 21. 09. 1918 թ. գրված զեկուցագրում, նկարագրելով Բաքվում տիրող իրավիճակը նշում է, որ զորատեսի գնալիս այն տպավորությունն Էր ստացել, որ քաղաքը լրիվ կողոպտված Է, հայերը՝ սպանված. «Խանութների ցուցափեղկերն ու դռները ջարդած Էին։ Փողոցների անկյուններում թուրքական զինվորների հսկողության տակ գտնվում Էին մահճակալների, կահույքի և այլ առարկաների կույտեր, որոնք ըստ երևույթին խլել Էին կողոպտիչներից։ Կողքով պատգարակի վրա 6-8 տարեկան տղայի դիակ Էին տանում, ճանապարհին գտել էին մի 4-ամյա երեխայի դիակ, որին, ըստ նրա, խոշտանգել էին։ Ուղևորության հաջորդ օրը ճանապարհին հանդիպել էին շղթայված մարդկանց, որոնցից չորսը հայ ծերունիներ էին։ Կինոթատրոնի նկուղի մուտքի մոտ իրար վրա գցած վեց դիակ էին հայտնաբերել, այդ թվում՝ երկուական կին, երեխա և տղամարդ։ Կանանցից մեկը եղել էր մերկ»:

Բռնաբարությունները այդ օրերին քաղաքում տարածված հանցագործությունների անբաժանելի մասն էին, որին զոհ գնացին բազմաթիվ հայ կանայք և աղջիկներ: Բարբարոսական ակտերի հայ կանայք ենթարկվել են առանց տարիքային խտրականության: Դժբախտ զոհերի ամենացածր տարիքը եղել է 5-6 տարեկանը, իսկ ամենամեծ հասակը հասել է 60-65 տարեկանի: Մեծ թիվ էին կազմում նաև հայ գերիները, որոնք տաժանակիր աշխատանքի էին դատապարտվել:

Կովկասում Կայսերական Գերմանիայի պատվիրակության ներկայացուցիչ Բարոն ֆոն դեր Գոլցրը 24.03.1918թ. ֆոն Կրեսին ուղղված զեկուցագրում, անդրադառնալով հայ գերիների խնդրին, նշում է. «իրականցվում է հայերի պարբերաբար հետապնդում. հայ մտավորականներից ում գտնում, ձերբակալում են։ Երեկ շղթայակապ տարան քսան այդպիսի մարդու։ Սալյանի զորանոցներում կա բանտարկյալների և գերիների մի մեծ կայան, մեկ կամ մի քանի պատժաճամբար։ Կալանավորված արական սեռի բնակչությունը (այդ թվում՝ ինժեներներ, տեխնիկներ, բանվորներ) շուտով կուղարկվի հարկադիր աշխատանքների (երկաթուղու շինարարություն Լենքորանից Նախիջևան)»։

Հայ գերիների ընդհանուր թիվը բոլոր թաղամասերում միասին վերցրած հասնում էր, ոչ պակաս, քան 3396 հոգու: Ընդհանուր ծագմամբ գերվածներից զոհվել և սպանվել է թվով 2972 մարդ:

Բաքվի հայկական ջարդերի մասին իր անհանգստությունն է հայտնում նաև Թուրքական բանակի «Արևելք» խմբի շտաբի պետ, գերմանացի փոխգնդապետ Պարակենն 26.09.1918թ. Գեներալ-լեյտենանտ ֆոն Զեեքթին ուղղված զեկուցագրում.

«Փողոցներում գրեթե մարդ չկար։ Խանութներն ու տները գրեթե առանց բացառության թալանված էին։ Ճանապարհին ընկած էին երկու սպանված երեխա, անմիջապես մեր կողքին: Այն ժամանակ արդեն իշխում էր այն համընդհանուր համոզմունքը, որ քաղաքում չկա կարգ ու կանոն և որ քրիստոնյա բնակչությունը թալանվել, բռնաբարվել ու սպանվել է։ Գազանությունները մեծ մասամբ կատարվում էին տների ներսում։ Այդ պատճառով փողոցներում համեմատաբար քիչ դիակներ կային։ Դրանք գերազանցապես անկյուններում էին դարսված, այնպես որ հաճախ միայն հոտից կարելի էր իմանալ։ Մի տեղում ես իրար վրա դարսած 7 դիակ տեսա՝ այդ թվում մի քանի երեխա: Այլ վկաների ներկայությամբ մի գերմանացի պատմեց ինձ, որ Նուրի փաշայի համհարզի հետ մի տուն է մտել, որտեղ (առանց սեռի կամ տարիքի խտրության) սպանված, ընկած էին տասներեք վրացի։ Երբ նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ վրացիներ են, այսինքն, գերմանացիների հովանավորության տակ գտնվող անձինք, Նուրիի համհարզը ուսերը թոթվելով ասել է. «Նրանց պարզապես հայերի տեղ են դրել»:

Այսպիսով Բաքվի հայերի երկրորդ ջարդերի հետևանքով, ըստ վիճակագրական հաշվարկների, սպանվել և տաժանակիր աշխատանքների ու հիվանդությունների հետևանքով մահացել է 23314 հայ (Բաքվի հայկական բնակչության ավելի քան ¼-ը): Միայն առաջին երեք օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 15-17-ը, ըստ անվանական ցուցակների սպանվել է 5248 հայ, որից 1485-ը՝ կին, այդ թվում 681-ը՝ 1-15 տարեկան հասակի։ Այս ջարդերը իրենց ծրագրված բնույթով, կազմակերպվածությամբ և դաժանություններով 1905 թ. Բաքվում թաթարների իրականացրած հայկական ջարդերի շարունակությունն էին:

Ադրբեջանի կողմից որդեգրված հայկական բնակչության բնաջնջման քաղաքականությունը, սակայն, այսքանով չսահմանափակվեց: Այն իր շարունակությունը ստացավ նաև 1990թ. հունվարի 13-19-ի ջարդերի ընթացքում, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, իսկ Բաքվի և հարակից ավանների շուրջ 250 հազարանոց հայկական համայնքը դադարեց գոյություն ունենալուց՝ առանց գույքի և ունեցվածքի փախստականի կարգավիճակով ցրվելեով ողջ աշխարհով մեկ: Վերոնշյալ փաստերը մեկ անգամ ևս հաստատում են Ադրբեջանի կողմից որդեգրված քսենոֆոբիայի և հայատյացության քաղաքականությունը, որն այսօր ևս պահպանվում և շարունակվում է: Դրա վառ օրինակներն  են քսենոֆոբիայի պետական մակարդակով իրականացվող քարոզչությունը, նույնիսկ, դպրոցական դասագրքերում, հայերին սպանողների հերոսացումը, որի վառ օրինակն է, 2004թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը, ռազմական հանցագործություններ իրականացնողների պարգևատրումները, ինչպես եղավ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում: Նույն ժամանակ ադրբեջանցի հատուկջոկատայինները Արցախի Թալիշ գյուղում նաև խոշտանգել և սպանել էին տարեց հայ բնակիչների:

Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն հայերի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ներկայումս այդ երկրում ապրող տեղաբնիկ ժողովուրդների համար:

Գրականություն

Բ. Իշխանյան. «Բագուի մեծ սարսափները» 1919թ., Թիֆլիս 1920 թ.,

https://araspel.files.wordpress.com/2016/08/b-ishkhanyan-b1.pdf

Հայերը կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, ՀՀ Պատմության Արխիվ, Երևան-2003. https://www.armarchives.am/UserFiles/File/Hajeri%20kotoracner%20Baqvum%20ev%20Elizavetpolum.pdf

Հայրիկ Սուքիասյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am