Զարիֆը ռազմավարական սխալ Է համարել միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական երկրների որոշումը

Armenpress 10:19, 15 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ռազմավարական սխալ Է համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը: Համապատասխան հայտարարությունը նա արել Է Գերմանիայի ԱԳ նախարարության պետնախարար Նիլս Անենի հետ նախօրյակին Նյու Դելիում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն եւ քաղաքական առումով ռազմավարական սխալ են»,- Զարիֆի խոսքը մեջբերել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը: «Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կհամակարգի մեխանիզմի աշխատանքը: Այդ մասին ասված Է Բորելի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: «Մեխանիզմի նպատակն Է համաձայնագիրի իրականացման հետ կապված հարցերի լուծումը Համատեղ հանձնաժողովի շրջանակում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am