Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը հանդիպել է նախագահ Ասադի և առաջին տիկնոջ հետ /լրացված/

Armenpress 21:38, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայերի համար հատուկ դպրոցի հովանավորման հարցը:

«Նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ հանդիպման նպատակը հայերի համար հատուկ դպրոցի ֆինանսավորման և պահպանման հարցի քննարկումն էր, որը մեծ պատասխանատվություն է մեզ համար՝ Սիրիայի կրթական գործընթացը զարգացնելու առումով»,- գրել է պատգամավորը:

Արիսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց. «Հինգշաբթի 9 յունուարին, Սուրիոյ նախագահ Պաշշար ալԱսատը և Առաջին տիկին Ասմա ալԱսատը նախագահական պալատին մէջ ընդունեցին երեսփոխան դոկտ. Նորա Արիսեանը, Աւ. Ահարոնեան կեդրոնի և Ազգային Միացեալ վարժարանի ներկայացուցիչներ:Հանդիպումը առիթ էր Դամասկոսի Ազգ. Միացեալ վարժարանի հանդէպ նախագահին և առաջին տիկնոջ ցուցաբերած օժանդակութեան և վերաշինութեան համար շնորհակալութիւն և երախտագիտութիւն յայտնելու, հանդիպման շեշտը դրուեցաւ հայերէն լեզուի և հայ ինքնութեան անհրաժեշտութեան վրայ:Պատուիրակութիւնը Վարժարանին նշանը պարունակող արծադէ յուշանուէր մը յանձնեց նախագահին:Պատուիրակութեան մաս կազմեցին Արմէն Ուրֆալեան, Պօղոս Խաճարեան, Սարգիս Քիւրտեան, և Ատոմ Սանոսեան ամոլը»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am