Նախարարը կդիտարկի Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդատան գործունեությունը շարունակելու հարցը

Armenpress 19:59, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատունը կշարունակի իր գործունեությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թորոսյանը, անդրադառնալով ծննդատան լուծարման խնդրին, ասաց, որ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատունը տարեկան 136 ծնունդ է ընդունում, սակայն  նախարարության կողմից սահմանված չափորոշինը նվազագույնը 150 ծննդի ապահովումն է:Նախարարը նշեց, որ այս ծննդատունը միակն է, որ 150-ին մոտ է և չունի թերություններ մյուս մասերով` կադրերի, սարքավորումների և ծառայությունների:

«Հիմա քննարկում ենք, թե արդյոք արժե Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնին ևս ինչ-որ ժամանակով մորատորիումի նման ինչ-որ մի բան անել, որ հասկանանք՝ ի վերջո, 150-ի կձգտեն, կհասնե՞ն, թե չէ»,- ասաց Թորոսյանը, հավելելով, որ պատրաստ են քննարկումներ իրականացնել նաև մյուս ծննդատների հետ, սակայն տարեկան 10 ծնունդ ընդունող ծննդատների հետ, բնականաբար, չեն բանակցելու: Ըստ Առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների` ծննդատանն անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում, ինչպես նաև սարքավորումների, մասնագետների և ծառայությունների առկայություն:

Նախարարի խոսքով` Մարալիկի, Աչաջուրի , Արտենիի, Արծվաբերդի, Ծաղկահովիտի, Քաջարանի առողջության կենտրոնների ծննդատները և Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատունը չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին և ենթակա են եղել լուծարման:

Նա նշեց, որ ոլորտի մասնագետների կողմից կազմված չափորոշիչներով ծննդատներին գնահատական է տրվել դեռևս 2018 թվականի վերջին և մեկ տարի ժամանակ է տրվել` հանկարծակիի չբերելու և կտրուկ որևէ բան չանելու նպատակով: Ըստ նախարարի` որոշ ծննդատներ կարողացել են կարգը փոխել և սահմանված չափորոշիչների համապատասխանեցնել իրենց ծննդատունը:

Առողջապահության նախարարը ընդգծեց, սակայն , որ միայն թվով չի կարող աշխատել ծննդատունը, պետք է լինի պահանջ-պայմանների կատարում։ «Եթե չկա վիրահատարան, ինտենսիվ թերապիա և այլն` դրա մասին խոսք չի կարող լինել, ինչքան ճանապարհ էլ ուզում են փակել, դա սկզբունք է, որը մեր քաղաքացիների առողջության պահպանությանն է միտված»,- շեշտեց Թորոսյանը:

Նախարարը ներկայացրեց նաև 2018 և 2019 թվականների վիճակագրությունը լուծարման ենթակա բժշկական հաստատությունների. Մարալիկը 2018 թվականին ընդունել է 126, իսկ 2019 թվականին 102 ծնունդ, Աչաջուրը` 2018-ին՝ 88, 2019-ին՝ 79, Արտենին` 41/26, Ծաղկահովիտը՝ 48/63, Արծվաբերդը` 14/10, Քաջարանը` 42/46 և Եղվարդի «Նաիրի» ԲԿ 119/136:

Հունվարի 14-ին Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատան բուժաշխատողները բողոքի ակցիա էին իրականացրել ծննդատան լուծարման դեմ: Նրանք նշում էին, որ իրենց ծննդատան պայմանները բարվոք են, կա տաք և սառը ջուր, ջեռուցում, շենքը վերանորոգված է և համարվում է 1-ին մակարդակի ծննդատուն։ Նրանց համոզմամբ` առանց հանրային քննարկումների` նման որոշումներ չի կարելի կայացնել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ծննդատունը չպետք է փակվի: «Այս րոպեին, եթե Եղվարդի ծննդատուն ծննդկան մոտենա, ծննդօգնություն իրականացվելու է։ Ծնելիության աճը, մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը մեր որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից են»,- նշել է Պետրոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am