Քննարկվել են վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները

Armenpress 15:35, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել փոխվարչապետերի գրասենյակների, աշխատակազմի ներքո գործող մարմինների գործունեությանը:

Զեկուցվել է, որ միջոցառումները միտված են լինելու պետական կառավարման համակարգի արդիականացմանը, արդյունավետությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրոնային հարթակների գործունեության ընդլայնմանը, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցությանը և այլ ծրագրերի:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը և անհրաժեշտ համարել բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասցեականությունը, ակտիվացնել աշխատանքները պետական համակարգի թվայնացման և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև պետական համակարգի ֆունկցիոնալության բարձրացման անհրաժեշտությունը և տվել կոնկրետ հանձնարարականներ:      

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am