Երևանի պատմության թանգարան այցելած զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճել է

Armenpress 14:17, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի պատմության թանգարանը 2019 թվականին ունեցել է 20 հազար 707 այցելու, որի կեսը եղել է զբոսաշրջիկ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին նկատելիորեն աճում է թանգարան այցելած զբոսաշրջիկների թիվը:

«Մեր թանգարան այցելած հիմնական զբոսաշրջիկները Ռուսաստանից են: Ունեցել ենք զբոսաշրջիկներ Չիլիից, Չինաստանից, Մալազիայից, Ինդոնեզիայից, ԱՄՆ-ից, արաբական երկրներից, աշխարհագրությունը բավական մեծ է»,-ասաց Արմինե Սարգսյանը: Բավական ակտիվ են եղել տոնական օրերի այցելությունները, մի քանի օրում 100 այցելու է եկել, զգալի մասը՝ կրկին զբոսաշրջիկ:

Այցելություններն ակտիվացնելու, դրանք ավելի հետաքրքիր դարձնելու ուղղությամբ թանգարանը զգալի աշխատանք է կատարում՝ հանդես գալով մի շարք ծրագրերով: Մասնավորապես, մեկնարկել է «Կենդանի նկար» ծրագիրը: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, ցուցադրությունը դարձնում է ավելի գրավիչ, ժամանակի պահանջներին համահունչ: Բնօրինակ կտավը անիմացիոն վերարտադրության շնորհիվ այցելուի աչքի առջև կենդանանում է: Այս ծրագրով առայժմ ներկայացվում է գեղանկարիչ Վահան Խորենյանի «Երևանի շինարարներ» կտավը, որը պատկերում է վարդագույն Երևանի կառուցումը: Առայժմ միայն այս կտավն է այդ մոտեցմամբ ներկայացվում, սակայն նպատակ ունեն մյուս կտավներին ևս անդրադառնալ:

Թանգարանի նախաձեռնություններից է նաև «Երևանը բանաստեղծություններում» գրքի հրատարակումը: Բանաստեղծությունների գրքում տեղ է գտել 300-ից ավելի ստեղծագործություն: Թանգարանի գիտքարտուղար Հերմինե Սարգսյան նշեց, որ մինչ այդ հրատարակել էին նաև «Երևանը երգերում» գիրքը:

«Գրքում տեղ են գտել 1388 թվականից պահպանված ստեղծագործություններ: Հին ժամանակներում, երբ ոչ բոլորն էին գրագետ և չէին կարող կարդալ, բանաստեղծությունները հաճախ երգերի էին վերածվում, որովհետև այդ տարբերակով մարդիկ ավելի երկար են հիշում: Մեզ են հասել Երևանի մասին բազմաթիվ երգեր»,-ասաց Հերմինե Սարգսյանը:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ թանգարանի տնօրենը նշեց, որ ակտիվորեն շարունակելու են կրթական ծրագրերը, փետրվարին էլ սպասվում է գեղանկարների ցուցահանդեսի բացում: Ներկայացվելու են Տավուշի մարզի գեղանկարները:

Թանգարանում  ակտիվ աշխատում են ցուցանմուշների համալրման ուղղությամբ, արդեն դրանց թիվը 97 հազարից անցնում է՝ փաստաթղթեր, լուսանկարներ, հնագիտական առարկաների հարուստ հավաքածու և այլն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am