Զրոյական հարկեր անձնական իրերի համար. Շրջանառվել է հայրենադարձության խթանման նոր նախաձեռնություն

Armenpress 16:44, 8 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան վերադարձողները կարող են ներկրել իրենց անձնական իրերը առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նոր նախաձեռնության մասին տեղեկացրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:  

«Արտերկիր արտագաղթած սիրելի՛ հայրենակիցներ ՝ դուք ՀՀ քաղաքացի եք թե ոչ, ՀՀ-ում ունեք հաշվառում, թե ոչ, եթե փաստացի 3 տարի (ճշտվելու է համապատասխան ծրագրի միջոցով) չեք ապրել Հայաստանում և ցանկանում եք մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող եք ներկրել ձեր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ… և այլն, ինչպես նաև մինչև վերադարձնն առնվազն 6 ամիս ձեզ պատկանող մեկ ավտոմեքենա: Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է»,-նշել է Սիսակ Գաբրիելյանն՝ ընդգծելով, որ արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում:  Նա առաջիկայում մանրամասներ կներկայացնի նախաձեռնության վերաբերյալ:

Նախագծի մշակմանն օժանդակելու համար Սիսակ Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ մաքսային ծառայության պրոֆեսիոնալ անձնակազմին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ՀՀ արդարադատության ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am