Իրանում 176 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Armenpress 09:28, 8 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Boeing-737 ինքնաթիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fars գործակալությունը: 

IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: 

Իրանում ՀՀ դեսպանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հարցում են ուղարկել ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն` ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում գտնվել են ՀՀ քաղաքացիներ:

Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը Իմամ Խոմեյնի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am