Մի խումբ փոքրիկներ «Տոնական հեքիաթ» կրթական ծրագրի շրջանակում ծանոթացան ամանորյա հին ու նոր ծեսերին

Armenpress 15:01, 27 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տոնական հեքիաթ» ինտերակտիվ-կրթական միջոցառումն իր շուրջ էր համախմբել «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության խնամքի ներքո գտնվող մի խումբ երեխաների, որոնք ծրագրի շրջանակում ծանոթացան ամանորյա ծեսերին, ավանդույթներին ու սովորույթներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը, որն անցկացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում, երեխաները ձեռագործ աշխատանքներ պատրաստեցին` ուրախանալով և տոն պարգևելով ներկաներին:

«ՀԱՊ գիտակրթական բաժինը՝ կարևորելով սոցիալական պատասխանատվությունը, իրականացնում է ամանորյա «Տոնական հեքիաթ» ինտերակտիվ-կրթական ծրագիրը, որը ենթադրում է ինտերակտիվ մասնակցություն, ստեղծագործական աշխատանք, շատ նվերներ, ջերմ ու տոնական մթնոլորտ»,-ասաց գիտակրթական բաժնի պատասխանատու Անի Նազարյանը:

Նրա խոսքով` իրենք մեծ ուշադրություն են դարձնում հատկապես սահմանափակ կարողություններով երեխաների հետ աշխատանքին և ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող և սոցիալական  հատուկ խմբերը մասնակցում են ինտերակտիվ-կրթական ծրագրերին` հաղորդակից դառնալով արվեստին:

«Այս ծրագրի միջոցով մենք ցանկանում ենք երեխաների առօրյան հարստացնել` այն  տարբերվող դարձնելով այլ օրերից, և այդ հարցում մեզ օգնության է հասնում  արվեստը: Կարծում եմ, գեղագիտական կրթությունը ապահովում են մշակույթի և արվեստի ոլորտում հասարակության սոցիալական խմբերի  դաստիարակությունը և ուղղված են նրանց գեղագիտական ճաշակի զարգացմանը»,-եզրափակեց Նազարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am