ՀՀ ՏՄՊՊՀ-ն խիստ վերահսկողություն է իրականացնելու կոնյակի շուկայում

Armenpress 13:10, 27 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ վերահսկողություն է իրականացնելու կոնյակի շուկայում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ կա պետական հստակ դիրքորոշում՝ Հայաստանից արտահանված կոնյակը պետք է համապատասխանի բրենդի չափանիշներին:

«Մենք կոնյակի շուկան բաժանել ենք մի քանի մասի՝ 3-5 տարեկան, 5-10 և 10 տարեկանից ավելի: Հիմնական խնդիրն ունենք մինչև 5 տարեկան արտադրված կոնյակի ոլորտում: Մենք կոնյակի արտահանման ծավալի մեծացում ունենք, սակայն այստեղ հորդորել ենք տնտեսավարող սուբյեկտներին, որ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ և բրենդի վարկանիշի վնասում չլինի: Մենք հաջորդ տարի խիստ ստուգումներ ենք իրականացնելու այս շուկայում» ,-ասաց Գեղամ Գևորգյանը: Նա տեղեկացրեց, որ այն ընկերությունները, որոնք թվերի առումով ոչ հավաստի ինֆորմացիա են տրամադրել, պատասխանատվություն են կրելու: Նա ընդգծեց, որ Հայաստանից արտահանվող հիմնական բրենդ հանդիսացող կոնյակը պետք է համահունչ լինի պահանջներին:

Հայաստանից հիմնականում կոնյակ արտահանվում է Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Եվրոպա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am