Դատարանների մուտքերն արգելափակելու գործընթացով պայմանավորված աշխատակիցները չեն կարողանում մտնել աշխատավայր

10:01, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու գործընթացով պայմանավորված դատարանների աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել աշխատավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սահմանադրական դատարանի մուտքը փակած քաղաքացիները թույլ չտվեցին դատարանի աշխատակցին, ով ներկայացավ որպես հաշվապահ, մտնել աշխատավայր: 

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մուտք փակելու հետևանքով դատավոր Դավիթ Բալայանը նույնպես չկարողացավ ներս մտնել: Նա փորձեց դատարան մտնել պատուհանով, սակայն հավաքված քաղաքացիները խոչընդոտեցին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառմամբ  կոչ էր արել քաղաքացիներին առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:

Քաղաքացիներն  արդեն արգելափակել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մուտքը, Սահմանադրական դատարանի շենքի մուտքը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի, Ավանի և Նոր Նորքի, Արաբկիրի նստավայրերի շենքերի մուտքերը: Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթացը մեկնարկել է նաև մարզերում:

Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթացին մասնակցում են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, Երևանի ավագանու անդամներ:


© 2009 ARMENPRESS.am