ՖԻՄԱ-ն լուրջ հակառակորդ է. «Ուրարտու»-ի մարզիչ  

10:23, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի կարծիքով, ՖԻՄԱ-ն լուրջ մրցակից էր իր թիմի համար:

«Առաջին քառորդ մենք հաջող չգործեցինք: Չստացվեց այն, ինչ նախապես պլանավորել էինք: Մենք վատ էինք գործում անկյուններում: Առաջին 10 րոպեում ՖԻՄԱ-ն իր «5 թեթևագույններով» լավ աշխատեց, ինչն էլ օգնեց նրանց հաղթանակ տոնել խաղի առաջին քառորդում: Իսկ ահա հաջորդ 3 քառորդում մենք փոփոխեցինք պաշտպանությունն ամբողջապես ու նաև խաղի ընթացքը: ՖԻՄԱ-ն լուրջ հակառակորդ է, և վտանգավոր է գործում: Նրանք  շատ վստահ են խաղում, և եթե դու էլ նույնությամբ չխաղաս, ապա պարտվելու ես»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ուրարտու»-ն մրցեց ՖԻՄԱ-ի հետ: Նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած խաղի առաջին քառորդում ՖԻՄԱ-ն ավելի ակտիվ և կառուցողական խաղ էր ցուցադրում: Երկրորդ քառորդում ՖԻՄԱ-ն մեծացրեց միավորների առավելությունը, բայց «Ուրարտու»-ն կամային խաղի շնորհիվ նախ վերականգնեց հաշվի տարբերությունը, այնուհետև առաջ անցավ: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 49:45 հաշվով` հօգուտ «Ուրարտու»-ի: Երրորդ քառորդում «Ուրարտու»-ն խաղն իր ձեռքը վերցրեց և առավելության հասավ 107-84 հաշվով:


© 2009 ARMENPRESS.am