ՀՀ նախագահն արաբական ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության տնօրենին առաջարկել է ճանաչողական այց կատարել Հայաստան

13:36, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 16-ին հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։
ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել MASDAR-ի տեխնոլոգիաների և գիտության կրթահամալիրում սովորելու համար Հայաստանից ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար և ցանկություն հայտնել, որ այդ գործընթացը շարունակական լինի։
Զրուցակիցները ջերմ ու բարեկամական մթնոլորտում քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային hամագործակցությանը վերաբերող հարցեր։
Որպես ներդրումների համար գրավիչ և հեռանկարային ուղղություններ, նախագահ Սարգսյանը առաջարկել է դիտարկել վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հյուրանոցների ու սպասարկումների ոլորտները, որտեղ, նրա խոսքով, կա փոխգործակցության մեծ ներուժ։
Նախագահ Սարգսյանն առաջարկել է նաև ճանաչողական այց կատարել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու և փոխգործակցության ծրագրեր մշակելու համար։


© 2009 ARMENPRESS.am