Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդության քննարկումը հետաձգվեց մինչև հունվարի 9-ը

19:14, 28 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու պաշտպանների միջնորդության վերաբերյալ դատական նիստը հետաձգեց մինչև հունվարի 9-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց  Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Ըստ էության, նիստ, որպես այդպիսին, տեղի չունեցավ։ Քննիչը ցանկություն ուներ դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել ու ժամանակ խնդրեց, որ ուսումնասիրի նյութերը: Քննիչն ասում էր, որ ցանկանում է ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե արդյոք պետք է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել», -նշեց փաստաբանը:

Օրբելյանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել  նիստին, քանի որ այն տեխնիկական նիստ էր, և մասնակցության անհրաժեշտություն էլ չի եղել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am