Կարլսենի և Կարուանայի տասներորդ անընդմեջ ոչ-ոքին  

10:34, 23 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցախաղում հերթական ոչ-ոքին է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնության համար մրցախաղում հերթական ոչ-ոքին է գրանցվել: Աշխարհի գործող չեմպիոն նորվեգ Մագնուս Կարլսենը և հավակնորդ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան էլի չեն կարողացել հաղթել միմյանց՝ պարտիայի 54-րդ քայլին կիսելով միավորը: Այժմ գրոսմայստերներն ունեն 5-ական միավոր:

Աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում այսքան անընդմեջ ոչ-ոքի արդյունք գրանցվել էր միայն 1995 թվականին Անանդի և Գարի Կասպարովի մրցախաղում:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար Կարլսենը և Կարուանան կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Մնացած պարտիաները կկայանան նոյեմբերի 24-ին, 26-ին: Հանգստյան օրերն են նոյեմբերի 23-ը, 25-ը: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը:


© 2009 ARMENPRESS.am