«Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը

17:08, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից ստեղծված «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:  

«Մենք հավակնում ենք լինել իշխանությունների գլխավոր այն ընդդիմախոսը, որը բովանդակային առումով և բառացիորեն  ՀՀ տեսլականի առումով նոր թարմություն կբերի: Այն քաղաքական ուժն ենք հավակնում լինել, և վստահաբար արդեն այդպիսին կանք, որ կօժանդակի այն փոփոխություններին, որ այսօր կառավարությունը նախաձեռնել է»,- նշեց Քոքոբելյանը:

Նրա խոսքով` այժմ ստեղծվել է այն պահը, երբ ժողովուրդը կկարողանա ընտրել, թե' իշխանություն, թե' ընդդիմություն:

«Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի առողջացման համար բացառիկ հնարավորություն կա: Ժողովուրը կարող է ընտրել և' իշխանություն, և' ուժեղ ու բովանդակային ընդդիմություն»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները նոյեմբերի 10-ին հուշագիր են ստորագրել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am