Նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար աշխատանքային խումբը դիմումներ է ստացել հինգ հավակնորդից

10:48, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու համար Հանրապետության նախագահի աշխատակազմ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի հինգ հավակնորդ:             

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ստացված փաստաթղթերը սահմանված ժամկետում տրամադրվել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կազմակերպման գործընթացը կանոնակարգող խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամներին, որից հետո, ժամանակացույցին համապատասխան, կայացել է Աշխատանքային խմբի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու  հավակնորդների հետ անհատական զրույցը:

Զրույցից հետո, ժամանակացույցով սահմանված կարգով, Աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ փակ ծրարով ներկայացրել է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիք: Նշված ծրարները (խորհրդատվական կարծիքները) փոխանցվել են Հանրապետության նախագահին, որոնք ամփոփվելուց հետո, Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կներկայացվի Ազգային ժողով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր հավակնորդներն են ցանկացել, որպեսզի իրենց մասնակցության մասին տեղեկատվությունը հրապարկվի՝ ձեռնպահ ենք մնում մասնակիցների անունները հրապարակելուց:

 


© 2009 ARMENPRESS.am