Ընտրողների ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ

15:45, 5 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը հերթական նիստում ընտրողների ցուցակների մաքրման վերաբերյալ որոշում է ընդունել: Ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այս մասին ասաց նիստից հետո  լրագրողների հետ զրույցում:

«Որոշման համաձայն՝ ընտրական օրենսգրքում կսահմանվեն այնպիսի փոփոխություններ, համաձայն որոնց ընտրողների ցուցակից կհանվեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ  չունեցող մարդիկ: Մինչ այդ շատերը, ովքեր անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունեին և նույնիսկ երկրից դուրս էին, շարունակում էին մնալ ընտրողների ցուցակում»,-ասաց Իոաննիսյանը:

Ընտրական ցուցակներից դուրս կմնա 198 000 մարդ: Իոաննիսյանի խոսքով՝ իրենք վստահ են, որ այդ 198 000-ի ավելի քան 90 տոկոսը վաղուց Հայաստանում չի գնվում: Այնուամենայնիվ, կիրականացվեն հանրային արշավներ, և ովքեր միգուցե Հայաստանում են, սակայն չունեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ, կդիմեն և ընդամենը 1000 դրամ վճարելով կստանան նոր անձնագիր: Իոաննիսյանի կարծիքով՝ կլուծվի նաև անձնագրի շատ հին նկարից մարդուն դժվարությամբ նույնականացնելու խնդիրը:

 

 


© 2009 ARMENPRESS.am