Զոհրաբ Մնացականյանը Հայաստան-ԵՄ հարաբերություններում բավականին մեծ առաջընթաց է տեսնում

16:09, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ներկայում կարևորագույն քայլը համաձայնագրի դրույթների իրականացումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում գրանցել ենք բավականին մեծ առաջընթաց, կարևոր հանգրվանի ենք հասել: Եվ մեր ներկայիս կարևորությունը Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթների իրականացումն է: Հունիսի 1-ից անցնում ենք դրա կիրառմանը»,-ասաց նախարարը:

Նրա կարծիքով՝  անհրաժեշտ է ապահովել այդ պայմանագրի մաքսիմալ կիրառական արտահայտությունը:

Բրյուսելում նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: ՀՀ Ազգային Ժողովը 2018-ի ապրիլի 11-ին վավերացրել է համաձայնագիրը: Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիրը եվրոպական կողմից վավերացրել են Էստոնիան, Լատվիան և Լիտվան:


© 2009 ARMENPRESS.am