Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Խաչատուրովին

17:36, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի:


© 2009 ARMENPRESS.am