Թուրքիան Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին կանչել է Անկարա

10:57, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով 59 պաղեստինցու զոհ գնալու փաստի առնչությամբ պաշտոնական Անկարան որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Նա հայտնել էր նաև, որ երկրում հայտարարվում է եռօրյա սուգ՝ ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության:

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Իսրայելի ու Միացյալ Նահանգների հանդեպ խիստ քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Իսրայելի արածը ցեղասպանություն է: Ես անիծում եմ այս մարդկային դրաման, այս ցեղասպանությունը՝ որ կողմից էլ որ այն իրականացված լինի, անիծում եմ թե ԱՄՆ-ին, թե Իսրայելին»,- ասել է նա:

Մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Մայիսի 14-ին իսրայելական կողմը պաղեստինցիների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաև կրակել է նրանց վրա: Դրա հետևանքով մահացել է շուրջ 58 մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը:


© 2009 ARMENPRESS.am