CivilNet.am-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

18:51, 2 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  CivilNet.am լրատվական կայքի լրագրող Անի Գրիգորյանը ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանությանն ահազանգել էր, իսկ ավելի ուշ նաև բացատրություն տվել այն մասին, որ իր լրագրողական պարտականությունները կատարելիս Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում քաղաքացիական հագուստով անձի կողմից խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը և գողացել են իր բջջային հեռախոսը: 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի ցուցումով դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 
«Քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է նա:


© 2009 ARMENPRESS.am