ԼՂ հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. Սերժ Սարգսյան

20:43, 28 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով: Այդ մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է մեր արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում: Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն և ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ: 
Այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է ՀՀ Նախագահը: 


© 2009 ARMENPRESS.am