ՀՀԿ-ն գոհ է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքից

12:19, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կուսակցությունը լիարժեք սատարում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները սկսել են քննադատել Կարեն Կարապետյանին և նրա ղեկավարած կառավարության գործունեությունը: «Ես չեմ կարող ասել, թե ինչի համար են նրանք քննադատում կառավարությանը, դա հարցրեք «Ծառուկյան» դաշինքի իմ գործընկերներին: Սակայն ես չեմ էլ զարմանում, նրանք ընդդիմություն են, իսկ ընդդիմության գործը քննադատելն է: Մենք սատարում ենք վարչապետ Կարապետյանին և նրա գլխավորած կառավարությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը և ընդհանրապես կառավարության քաղաքականությունը միտված են մեր երկրում առկա խնդիրների լուծմանը, իսկ թե որքանով դրանք կլինեն արդյունավետ կամ ոչ արդյունավետ, ցույց կտա ժամանակը:

Նրա խոսքով՝ կառավարության գործունեության համար պատասխանատու են քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: «Եթե կառավարությունը հաջողի, կհաջողի նաև քաղաքական իշխող կոալիցիան, իսկ եթե, Աստված ոչ անի, ձախողվի կառավարությունը, կձախողվի նաև կոալիցիան»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը բացառեց, որ գործող կառավարությունը կարող է ժամանակից շուտ հրաժարական տալ՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն գոհ է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքից:


© 2009 ARMENPRESS.am