Ղազախստանի արվեստի թանգարանում բացվել է «Իմ Հայաստան» խորագրով ցուցահանդեսը

20:17, 24 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի արվեստի թանգարանում հոկտեմբերի 24-ին բացվել է «Իմ Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսը, որում ներկայացված են հայ նկարիչների աշխատանքները թանգարանի հավաքածուից: Նույն օրը տեղի է ունեցել նաև ցուցահանդեսի կատալոգի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնության հեղինակը Ղազախստանում Հայաստանի դեսպանատունն է: Այն նվիրված է Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել հայ կերպարվեստի ժառանությունը, որը հոգատար կերպով պահվում է Ղազախստանում և համարվում է թանգարանի հարստության անբաժանելի մասը:

«Իմ Հայաստան» ցուցահանդեսը միավորել է տարբեր պատմական ժամանակաշրջաններ ներկայացնող ականավոր հայ նկարիչների ստեղծագործությունները `դասականից մինչև արդիական ժամանակաշրջան: Նրանցից շատերը հայտնի են նաև իրենց երկրի սահմաննեից դուրս:

Ղազախստանի  արվեստի թանգարանի մամուլի ծառայության պատրաստած հաղորդագրության մեջ նշվում է, որ համաշխարհային փառքի է արժանացել ծագումով հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին,  իսկ Վարդգես Սուրենյանցը հայ նկարչության պատմական ժանրի հիմնադիրն է, ով իր աշխատանքներում համադրել է արևմտաեվրոպական, ռուսական և  ազգային արվեստի դպրոցների ավանդույթները: Շատերի համար Հայաստանի  մասին պատկերացումները ձևավորվել են Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ազդեցության ներքո:


© 2009 ARMENPRESS.am