Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատների ֆեդերացիայի նախագահի հետ

18:18, 11 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 11-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատների ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Շուքեյրի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լիբանանի առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորությունները:

Մոհամեդ Շուքեյրին ներկայացվել են Հայաստանի ներդրումային միջավայրը, գործարարությանն առնչվող օրենսդրական կանոնակարգումները, հարկային և մաքսային համակարգն ու արտոնությունները: Հատուկ անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ տնտեսական ընդհանուր տարածքին, Իրանի հետ հիմնվելիք ազատ առևտրի գոտուն:

Երկու երկրների գործարարների անմիջական կապերի խրախուսման նպատակով կողմերը նպատակահարմար են համարել բիզնես ֆորումների կազմակերպումն ու պատվիրակությունների փոխայցելությունները:


© 2009 ARMENPRESS.am