Մարսելում բացվելու է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

19:59, 13 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մարսել քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելի միջոցառումների շրջանակում բացվելու է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’ Armenie-ն, միջոցառումը տեղի է ունենալու ապրիլի 21-ին` տեղի ժամանակով 11:30-ին:

Արարողությանը ներկա են գտնվելու Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել են Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Նեմեսիս գործողությանը` առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը Թեհլերյանին մեղավոր չի ճանաչել: 


© 2009 ARMENPRESS.am