Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ստեղծմամբ աշխարհաքաղաքական իմաստով Հայաստանը կբարելավի իր դիրքերը

15:45, 22 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան չափազանց կարևոր է հայ-իրանական հարաբերություններին նոր որակ տալու տեսանկյունից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այս այցն արդարացրեց այն բոլոր սպասելիքները, որոնք մեզանում առկա էին: Եթե դիտարկելու լինենք այցի ընթացքում քննարկվելիք հարցերի ընդհանուր շրջանակը, ապա այն իր մեջ ներառում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային բաղադրիչներ: Ակնհայտ դարձավ գլոբալ առումով տարածաշրջանային մեծ նշանակություն ունեցող մի այնպիսի ծրագիր, ինչպիսին Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցք ստեղծելն է: Երկու կողմերը բանակցեցին այս հարցի շուրջ և այդ միջանցքի ստեղծման վերաբերյալ պատրաստակամություն հայտնեցին: Նման պատրաստակամություն մի քանի անգամ հայտնեց հենց Իրանի նախագահը»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետը նշեց, որ նման միջանցքի ստեղծումը մեզ համար կարող է ունենալ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն: Աշխարհաքաղաքական իմաստով Հայաստանը կբարելավի իր դիրքերը: Նման տարածաշրջանային ծրագիրը կյանքի կոչելը կնպաստի, որ մեր երկիրը հաջողությամբ հաղթահարի ադբեջանա-թուրքական շրջափակումը:

«Ուշագրավ է, որ այս համատեքստում արձագանքներ եղան Ադրբեջանից, մասամբ, Թուրքիայից: Նույնիսկ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյան հանդես եկավ հատուկ մեկնաբանությամբ այս հարցի կապակցությամբ, ինչն առնվազն տարօրինակ կարող էր լինել, եթե մենք հաշվի չառնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը մրցակցում է Հայաստանի հետ, Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով: Այդ տեսանկյունից նման կարևորագույն այցով և այդ այցի շրջանակում քննարկված հարցերի շրջանակով կարողացանք ինչ-որ առումով դուրս թողնել տարածաշրջանային մրցակիցներին: Իրանը փաստեց, որ Հայաստանն է այն կայուն ու վստահելի ճանապարհը, որն իրանական կողմը ձգտելու է օգտագործել դեպի Հյուսիս սեփական ելքն ապահովելու համար»,-ասաց նա:  Ինչ վերաբերում է այն հարցին, թե Իրանի նախագահի այցը հակակշիռ էր Բաքու կատարած Իսրայելի վարչապետի այցին, իրանագետը նշեց, որ այցերի ժամկետները համընկան, սակայն մեկը մյուսի հետ անմիջականորեն կապելը սխալ է: Հայաստանն ու Իրանն ունեն սեփական օրակարգը և  առաջնորդվում են դրանով:  «Իրանն ու Հայաստանն իրենց հարաբերությունները կառուցում են ոչ թե ի հեճուկս ինչ-որ երկրի, այլ ի շահ երկու երկրների»,-հավելեց նա: 


© 2009 ARMENPRESS.am