Լարսի անցակետը միակողմանի փակ է բեռնատարների համար

21:00, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դժվարանցանելի են Մ-2 ավտոճանապարհից դեպի Սյունիքի մարզի Շինուհայր գյուղ ընկած հատվածը, Գորիս-Սիսիան (12-րդ կմ) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Ճանապարհային ոստիկանությունը փակել է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը՝ մինչ մաքրման աշխատանքների ավարտը: 

Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի, Դիլիջանի և Թասի ոլորաններին, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կաթնաղբյուր-Ուրասար, Ստեփանավան-Արմանիս, Գորիս-Սիսիան (12-րդ կմ) ավտոճանապարհներին, ինչպես նաև Մ-2 ավտոճանապարհից դեպի Շինուհայր գյուղ ընկած հատվածում առկա է ձնաբուք: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում, սակայն Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի (Ռուսաստանի կողմից) փակ է:


© 2009 ARMENPRESS.am