ՌԴ ԱԳՆ-ում քննարկել են ՀԱՊԿ երևանյան ռազմավարությանն առնչվող հարցեր

19:50, 29 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀԱՊԿ-ում ՌԴ մասնակցության ապահովման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, դաշնային անվտանգության ծառայության և անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչները:

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան տեղեկացրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի` հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած նիստի արդյունքների մասին: Նա, մասնավորապես, անդրադարձել է մինչև 2025թ-ն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությանը, որն ընդունվել է երևանյան նստաշրջանում:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները քննարկել են ՀԱՊԿ-ում Ռուսաստանի առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև կազմակերպությունում դաշնակից պետությունների գերատեսչությունների հետ համագործակցության խնդիրները:


© 2009 ARMENPRESS.am