Վահան Մարտիրոսյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը

17:00, 22 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին ընդունեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:

Ողջունելով հյուրին` նախարարը բարձր գնահատեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես, ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագիրը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Լորա Բեյլին հայտնեց, որ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերն այժմ ավարտական փուլում են: 

«Մեր համագործակցությունը մինչ այժմ արգասաբեր է եղել, և մենք ուրախ ենք շարունակել աշխատանքը հուսալի գործընկերոջ հետ»,- ասաց ՀԲ գրասենյակի ղեկավարը:

Նախարարը հույս հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետ ճանապարհաշինական ծրագրերի հաջող փորձը կշարունակվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի ոլորտներում:


© 2009 ARMENPRESS.am