Վարչապետն առաջարկեց քննարկել օրինապահ հարկատուներին բանկերի կողմից արտոնյալ պայմաններ տրամադրելու հարցը
11:42, 10 Նոյեմբեր, 2016ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին առաջարկեց առևտրային բանկերի հետ քննարկել օրինապահ հարկատուների հետ արտոնյալ պայմաններով աշխատելու հարցը: Ըստ վարչապետի, նախաձեռնությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեինն է:
«Պարոն Ջավադյան, ՊԵԿ-ի ղեկավարն առաջարկություն ունի, որը կայանում է հետևյալում. նրանք ուզում են հարկատուների դասակարգում մտցնել և տալ օրինապահ հարկատու կարգավիճակ: Խնդրում են Ձեզ, որպեսզի Ձեր միջոցով առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկել հետևյալ հարցը. եթե հարկատուն ունի նման կոչում, որակավորում, նրան բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով: Ի՞նչ եք կարծում՝ դա իրագործելի՞ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դիմելով Արթուր Ջավադյանին՝ նշեց Կարապետյանը:
Ի պատասխան՝ ԿԲ նախագահն ասաց, որ թափանցիկ կազմակերպություններին խթանելու համար իրենք կարող են որոշակի փոփոխություններ անել կանոնակարգերում և ռիսկային կշիռները բանկերի համար նվազեցնել: «Մենք դա արդեն իսկ կիրառել ենք արտահանող կազմակերպությունների համար, այդ դեպքում բանկերն ավելի լայն հնարավորություն են ունենում և վարկերի հասանելիությունը միանգամայն խորանում է, բանկերը հնարավորություն են ունենում ավելի մատչելի պայմաններով և հեշտ ու ավելի արագ վարկեր տրամադրել»,- նշեց Ջավադյանը՝ վստահություն հայտնելով, որ մի փոքր աշխատանքը բանկերի հետ՝ թափանցիկ կազմակերպություններին միանշանակ կխթանի:
«Ես էլ եմ վստահ, որովհետև եթե հասկանալի, կանխատեսելի գործընկեր է, ապա բանկերի ռիսկերը նվազում են: Խնդրում եմ քննարկել և լուծումներ տալ»,- նշեց ՀՀ վարչապետը:
© 2009 ARMENPRESS.am