Թրամփն առաջատարն Է Արիզոնայում եւ Նեւադայում, Քլինթոնը՝ Ֆլորիդայում եւ Փենսիլվանիայում

11:07, 3 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրություններում ժողովրդականության ցուցանիշով դեմոկրատներից իր մրցակցուհուց՝ Հիլարի Քլինթոնից, առաջ Է Նեւադայի եւ Արիզոնայի նահանգներում, որոնք հանգուցային նահանգների թվում են Սպիտակ տան համար պայքարում: Նախկին պետքարտուղարն իր հերթին առաջատարն Է Փենսիվանիայի եւ Ֆլորիդայի կարեւոր նահանգներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին վկայում են նոր հարցման՝ նոյեմբերի 2-ին տարածված արդյունքները, որն անցկացրել Է CNN հեռուստաընկերությունը՝ ORC հետազոտական ծառայության հետ համատեղ:      

Հրապարակված տվյալների համաձայն՝ Արիզոնայի՝ հարցմանը մասնակցած բնակիչների 49 տոկոսը պատրաստ Է նոյեմբերի 8-ին նշանակված ընտրություններում քվեարկել Թրամփի օգտին, 44 տոկոսը պաշտպանում Է Քլինթոնին: Նեւադայում Թրամփի առավելությունն ավելի մեծ Է. հարցվածների 49 տոկոսն Է ցանկանում նախագահ տեսնել միլիարդատիրոջը, նախկին պետքարտուղարի պաշտպանությամբ հանդես Է գալիս նահանգի՝ հարցմանը մասնակցած բնակիչների 43 տոկոսը:   

Փենսիլվանիայում, որի բնակիչները պատմականորեն հակված են քվեարկելու դեմոկրատների օգտին, կանխավ մտադրվել Է Քլինթոնին պաշտպանել հարցվածների 48 տոկոսը, Թրամփին՝ 44 տոկոսը: Ֆլորիդայում Քլինթոնը նույնպես առաջ Է միլիարդատիրոջից, սակայն ընդամենը երկու տոկոսային կետով (49 տոկոս 47 տոկոսի դիմաց):

ABC հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի համազգային հացման՝ նոյեմբերի 2-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Թրամփը հավասար Է ընթանում իր մրցակցուհու հետ: Միլիարդատիրոջ եւ նախկին պետքարտուղարի պաշտպանությամբ հանդես են եկել հարցման հավասար թվով մասնակիցներ՝ 46 տոկոս: Մեկ օր առաջ հանրապետականը, ABC-ի եւ The Washington Post-ի տվյալներով, դեմոկրատից առաջ Էր մեկ տոկոսային կետով (46 տոկոս 45 տոկոսի դիմաց), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am