Մենք պարտավոր ենք պայքարել թուրքական ժխտողականության դեմ. ՀՀ ԱԺ փոխնախագահը` Սլովակիայի ԱԽ նախագահին

19:50, 2 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին ժամանել է Երևան: «‹Զվարթնոց» օդանավակայանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահին դիմավորել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, առանձնազրույցի ընթացքում կողմերը կարևորել են երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցության խորացումը միջազգային հարթակներում: Դրական գնահատելով Սլովակիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ԱԺ փոխնախագահը նշել է. «Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը վերահաստատեց, որ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Մենք պարտավոր ենք համատեղ պայքարել ընդդեմ թուրքական ժխտողականության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այս առումով  Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ Ձեր ջանքերը կարող են օրինակելի լինել եվրոպացի շատ խորհրդարանականների համար»:


© 2009 ARMENPRESS.am