Սախարովի անվան մրցանակը շնորհվել Է իրաքցի երկու իրավապաշտպան կանանց

15:01, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրեյ Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակը, որը սահմանվել Է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից, շնորհվել Է իրաքցի իրավապաշտպաններ Նադիա Մուրադին եւ Լամիյա Աջի Բաշարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Նադիա Մուրադը եւ Լամիյա Աջի Բաշարը 2014 թվականի օգոստոսին բռնվել Էին Իրաքի հյուսիս-արեւմուտքում եւ ստրկացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: 2014 թվականի նոյեմբերին Նադիա Մուրադը փախել Է զինյալներից, 2015 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրի նիստում նա ելույթ Է ունեցել մարդավաճառության հարցերի շուրջ: 2016 թվականի հոկտեմբերին դարձել Է մարդու իրավունքների բնագավառում Վացլավ Հավելի անվան մրցանակի դափնեկիր:

Լամիյա Աջի Բաշարը կարողացել Է փախչել 2015 թվականի ապրիլին: Փախուստի ընթացքում նա լուրջ վերքեր Է ստացել, երբ նրա ոտքերի տակ ական Է պայթել: Մուրադը եւ Բաշարը զբաղվում են զինյալների գործողություններից տուժած կանանց ու երեխաներին օգնելով, ինչպես նաեւ եզդիների իրավունքների պաշտպանությամբ:

Ինչպես նշել են ԵԽ-ում, «նրանք այն հազարավոր աղջիկներից եւ երիտասարդ կանանցից են, որոնք Իրաքում առեւանգվել Էին ԻՊ-ի զինյալների կողմից եւ վերածվել սեռական ստրկուհիների»: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա ԵԽ-ի դեկտեմբերյան լիագումար նիստում: Մրցանակը կհանձնի Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am