ՀՀ վարչապետը պարզաբանեց կառավարության ծրագրում տնտեսական աճի վերաբերյալ թվերի բացակայությունը

18:18, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության ծրագիրն ամբողջությամբ միտված է երկրում բիզնես միջավայրի զարգացմանը, ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

«Կառավարության ծրագրի մեջ մենք հստակ ձևակերպել ենք մեր մոտեցումները՝ ասելով, որ արդար, հավասար պայմաններ ստեղծելու ճանապարհով պետք է զարգացնենք բիզնես համայնքը: Իսկ եթե բիզնեսը զարգանում է, դա հանգեցնում է նոր աշխատատեղերի ստեղծման, քանի որ հիմնական աշխատատեղերը հենց բիզնեսն է ապահովում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե կառավարության ծրագրում տնտեսական աճի վերաբերյալ թվեր ներկայացված չեն՝ վարչապետն ընդգծեց, որ պարզապես նպատակահարմար չեն համարել 6 ամսվա համար թվեր ներկայացնել: «Դուք լավ գիտեք, որ տնտեսությունը իներտ համակարգ է: 6 ամիս հետո ներդրումները չեն կարող արդյունք տալ, դրա համար մենք չենք ցանկացել այդ ժամանակահատվածի համար թվեր ներկայացնել: Բացի այդ, բազմաթիվ երկրներ կան, որտեղ կառավարության ծրագրերում ընդհանրապես թվեր չկան, նրանք պարզապես ներկայացնում են, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու: Եթե թվեր չկան, դա չի նշանակում, որ այդ ծրագրերում միտք չկա»,- եզրափակեց Կարապետյանը: 


© 2009 ARMENPRESS.am