Գերմանիայի ԱԳՆ-ն տարօրինակ պատճառաբանութամբ չեղարկել է Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված համերգը

21:33, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում նախատեսված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Աղետ» խորագրով համերգի չեղարկման վերաբերյալ պատճառաբանում է հրապարակել: «Ստամբուլում նոյեմբերի 13-ին  հյուպատոսարանի շենքերն ազատ չեն լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ DPA  գործակալությանը նման տարօրինակ բացատրություն է տվել Գերմանիայի ԱԳՆ-ն:   

Գործակալության տեղեկություններով՝ համերգը չեղարկելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նախարարությունում իմացել են, որ համերգին մասնակցելու հրավերներ են  ուղարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին:

Գերմանիայի ԱԳՆ-ն  նշել է, թե հրավերներն ուղարկվել են առանց ԱԳՆ-ի մասնակցության:   

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը ծրագրում է «Աղետ»-ը նոյեմբերին ներկայացնել Բելգրադում և Երևանում:

«Աղետ» ծրագիրը բաղկացած է Զեյնեթ Գեդիզիօղլուի (Թուրքիա), Վաչե Սարաֆյանի (Հայաստան) և Հելմուտ Օհրինգի (Գերմանիա) աշխատանքներից:

Թուրքիայի Հանրապետությունը հայտարարել է ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրից հրաժարվելու մասին այն պատճառով, որ ծրագիրն աջակցում է «Աղետ» նախագծին: Նախագծին աջակցելու մասին հայտարարել է անգամ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Այս նախագիծը հրավիրում է հանդիսատեսին դուրս գալ ատելության աշխարհից: Ես վստահ եմ, որ միայն այն մարդիկ, ովքեր իմանում և ճանաչում են մյուսների երազներն ու տրավմաները, կարող են նպաստել պայծառ ապագայի հաստատմանը: «Աղետ» նախագիծն այս ճանապարհին ամենակարևոր հիմնաքարն է»,- նշել է Շտայնմայերը:  


© 2009 ARMENPRESS.am