Հայաստանը փորձեց իրեն դիրքավորել գլոբալ տնտեսական համակարգում

13:55, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում կայացած  «Հայաստան. ներդրումային համաժողով»-ի կարևորությունն այն է, որ Հայաստանը փորձեց իրեն դիրքավորել գլոբալ  տնտեսական համակարգում`ներկայացնելով որպես կամուրջ դեպի հիմնական շուկաներ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

«Գլոբալ տնտեսական համակարգում Հայաստանի դիրքավորվելու գաղափարը բավական ընդունելի եղավ թե Սփյուռքի, թե գործարար միջավայրի կողմից, ինչը կարևոր է: Համաժողովի ամբողջ ընթացքում` սկսած նախագահի ելույթից, վերջացրած ներդրումային ծրագրերով, հաջողված փորձը ներկայացնելով, բավական տրամաբանական կապ կար: Ինչը չկար 2001 թվականին, երբ առաջին անգամ Հայաստանի տնտեսական հնարավորությունները ներկայացնում էինք ներդրումային հանրությանը: Պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ առաջին փորձն էր, այս անգամ ավելի հստակ էր, կար մեսիջ, կար համապատասխան ուղղվածություն»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Ինչ վերաբերում է նյույորքյան համաժողովից սպասվող արդյունքներին, ապա Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ շատ բան կախված կլինի, թե որքանով ներկայացված գաղափարը կշարունակի առաջ տարվել: Ըստ նրա` համաժողովն առաջին կետն էր,  դրանից հետո անհրաժեշտ են ճյուղային  ներդրումային ծրագրերի առանձին տեղերում ներկայացում և այլ շարունակական քայլեր:

«Հայաստան. ներդրումային համաժողով-2016»-ն անցկացվել է հոկտեմբերի 10-11-ը Նյու Յորքում։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, բազմաթիվ օտարերկրյա ֆինանսական, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն էր խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստան: Այն ուղղված էր Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի մասին իրազեկվածության բարձրացմանը, առկա ներդրումային հնարավորություններին և առևտրային ռեժիմներին ծանոթացնելուն, Հայաստանի մրցակցային առավելությունները ցույց տալուն: Պոտենցիալ ներդրողներին համաժողովում ներկայացվել են խոշորածավալ ներդրումային ծրագրեր Հայաստանի համար առաջնահերթ համարվող մի շարք ուղղություններում՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, ՏՏ, զբոսաշրջության, դեղագործության, կապի և տրանսպորտի, ինչպես նաև ֆինանսական ոլորտներում։ 


© 2009 ARMENPRESS.am