Հայաստանում միջին ամսական անվանական ամենաբարձր աշխատավարձը ֆինանսական և ապահովագրական ոլորտում է

21:20, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսին միջին ամսական անվանական ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է ֆինանսական և ապահովագրական ոլորտում՝ կազմելով` 454 հազար 421 դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, մյուս ամենաբարձր վարձատրվող ոլորտը  տեղեկատվության և կապինն է` 383 հազար 338 դրամ:  

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 361հազար 953 դրամ, պետական կառավարման և պաշտպանության, սոցիալական ապահովության ոլորտում` 274 հազար 136 դրամ, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում` 245 հազար 544 դրամ, շինարարությունում` 215 հազար 488 դրամ:

Ըստ ներկայացվող վիճակագրության, ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձը ստացել են մշակույթի, զվարճությունների և հանգիստի  ոլորտի աշխատողները` 115 հազար 707 դրամ:

Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում այն կազմել է 119 հազար 734 դրամ, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում` 122 հազար 148 դրամ, կրթության` 126  հազար 300 դրամ: Վարչարարական և օժանդակ գործունեության ոլորտի աշխատողը ստացել է 139 հազար 580 դրամ, սպասարկման այլ ծառայություններինը` 140 հազար 673 դրամ, իսկ առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտի աշխատակիցը` 146 հազար 646 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձ: 


© 2009 ARMENPRESS.am