Քաղաքագետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետաձգումը կապում է նման պրակտիկայի բացակայության հետ

17:34, 18 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլայ Բորդյուժային փոխարինող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջին թեկնածուն պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ երևի թե հենց այդ հանգամանքն ինչ-որ խնդիրներ ստեղծեց, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը հետաձգվի:

Նրա ներկայացմամբ՝ ՀԱՊԿ-ի այս միջոցառումը հերթականն էր, որի ընթացքում, ըստ քաղաքագետի դիտարկման, սպասվում էր որոշ փաստաթղթերի ստորագրում, ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից պետք է անցներ Բելառուսին, ինչպես նաև պետք է ընտրվեր նոր գլխավոր քարտուղար:

«Վերջինը տեղի չունեցավ, քանի որ այդ գործընթացն առաջին անգամ է պրակտիկ կիրառվում ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այն ցավոտ է որոշ երկրների համար: Առավել ևս, որ այբբենական հերթականությամբ Նիկոլայ Բորդյուժային փոխարինող առաջին թեկնածուն պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը»,- նշեց Սերգեյ Մինասյանը:

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով քննարկումից հետո ընդլայնված նիստի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը Երևանում կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հետաձգվել է: Նա հավելեց, որ այդ հարցին կանդրադառնան տարվա վերջին Ռուսաստանում:


© 2009 ARMENPRESS.am