Մոսկվա-Երևան ավտովթարից զոհված հայ ուղևորների աճյունները օդանավով կտեղափոխվեն Հայաստան

15:30, 14 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 26 քաղաքացիներ հոկտեմբերի 14-ին Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։ Նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարի հետևանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արևիկ Լունոնյանի և Յուրի Պողոսյանի աճյունները (վթարի հետևանքով զոհված մյուս երեք ուղևորները ՌԴ քաղաքացիներ են)։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Տեղում աշխատանքները կանոնակարգելու համար դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից կազմակերպվել էր վթարից տուժած քաղաքացիների` ավտոբուսով վերադարձը Հայաստան։ Սակայն ՌԴ իշխանությունների կողմից առաջարկվել է տուժածների տեղափոխումը կազմակերպել ինքնաթիռով։

Օդանավի՝ Երևան ժամանելու վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։ 


© 2009 ARMENPRESS.am