ՄԽ համանախագահները հոկտեմբերի վերջին կայցելեն տարածաշրջան

17:51, 6 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի վերջին կայցելեն տարածաշրջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա հայտնել է, որ այցի հստակ ժամկետներ դեռևս չկան: Ուորլիքը հույս է հայտնել այցի շրջանակում հանդիպել երկու երկրի նախագահների հետ:

ԱՄՆ համանախագահը ողջունել է հաջորդ գագաթնաժողովն իրենց մոտ անցկացնելու Ֆրանսիայի առաջարկը: «Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները` որպես Մինսկի խմբի համանախագահներ, սերտորեն համագործակցում են միմյանց հետ միջնորդական ջանքերը շարունակելու նպատակով` ուղղված շարունակական խաղաղության հաստատմանը»,- ասել է Ուորլիքը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է բանակցությունների դադարեցումը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ` Ուորլիքն ասել է. «Ես չունեմ լիազորություններ մեկնաբանելու Հայաստանի ընտրությունները: Սակայն կողմերը հավատարիմ են խաղաղ կարգավորմանը և մենք չենք կարծում, որ որևէ բան կփոխվի»:


© 2009 ARMENPRESS.am